Տպել
02.06.2022
Ներկայացվել են ՀՀ վարչապետի եւ Հանրապետության նախագահի աշխատակազմերի նախորդ տարվա կատարողականները
1 / 3

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվել են նախորդ տարվա բյուջետային հատկացումների կատարողականները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում ցուցանիշային լավ արդյունք է գրանցվել` 91.2 տոկոս կատարողական: 11 ծրագրի իրականացման համար 27.6 մլրդ դրամ է նախատեսվել, ճշտված բյուջեն կազմել է շուրջ 26.2 մլրդ դրամ: Աշխատակազմի պատասխանատվությամբ կատարվել է բյուջեի 10 ծրագիր, ծախսերը կազմել են 23.9 մլրդ դրամ` 91.2 տոկոս: Նախորդ տարվա համեմատ` աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5.4 մլրդ դրամով:

«Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով 16.2 մլրդ դրամ է նախատեսվել: Փոփոխությունների արդյունքում ճշտված պլանը կազմել է 13.4 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսը` 11.7 մլրդ դրամ:

Պետական հատվածի արդիականացման ծրագրի համար հաշվետու տարում 3.2 մլրդ դրամ է նախատեսվել, ճշտված բյուջեն կազմել է 3.7 մլրդ դրամ:

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագիրը կատարվել է 98.8 տոկոսով:

«Հանրային իրազեկում» ծրագրով հատկացված է եղել 1 մլրդ դրամ, ծրագիրը կատարվել է 96.3 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 33 տոկոսով:

«Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում» ծրագրով կատարողականը 58.7 տոկոս է եղել: Արայիկ Հարությունյանը հայտարարված մրցույթի չկատարմամբ է պայմանավորել վերոնշյալ կատարողականը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին հետաքրքրել է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում պետական ծառայության համակարգում: Նրա գնահատմամբ` պետական համակարգում պետք է ներգրավված լինեն արհեստավարժ մասնագետներ` արժանապատիվ աշխատավարձով: Արայիկ Հարությունյանն իր հերթին ընդգծել է պետական ծառայողների կարողությունների շարունակական զարգացման եւ նոր մասնագետների համալրման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ արդեն ընդունվել է հանրային ծառայության ռազմավարությունը, եւ ջանքեր են պետք փաստաթուղթն արագ իրականացնելու համար:

Հանրապետության նախագահի աշխատակազմի 2021 թ. ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելով` աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նշել է, որ նախագահի լիազորությունների իրականացման ծրագրով փաստացի ծախսվել է շուրջ 1 մլրդ 476 մլն 241 հազար դրամ, որը կազմում է ճշտված բյուջեի մոտ 98.33 տոկոսը: Տնտեսվել եւ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 25 մլն դրամ: Ստորագրվել է Ազգային ժողովի ընդունած 433 օրենք, Հանրապետության նախագահի հրամանագրերով եւ կարգադրություններով 6330 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել է 11 բարձրագույն դիվանագիտական եւ դասային աստիճան, 5 բարձրագույն զինվորական կոչում եւ 38 պատվավոր կոչում: 1153 մարդ պարգեւատրվել է շքանշաններով եւ մեդալներով: Մշակվել եւ նախագահի հաստատմանն է ներկայացվել 501 կարգադրություն եւ հրամանագիր: Իրականացվել են 17 բարեգործական եւ 19 նախագահական նախաձեռնությունների ծրագրեր: