Տպել
02.06.2022
Ներկայացվել են պետական կառավարման մարմինների ծախսերը
1 / 1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1 ծրագրի շրջանակում 2021 թ. իրականացրել է 9 միջոցառում: Կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Նախապես հաստատված պլանով այս կառույցին պետք է հատկացվեր 1 մլրդ  865,6 մլն դրամ, սակայն ճշտված պլանը կազմել է 6 մլրդ 373 մլն դրամ` պայմանավորված ԱԺ արտահերթ եւ ՏԻՄ ընտրություններով:  Արդյունքում` փաստացի ծախսվել է 5 մլրդ 985,8 մլն դրամ: Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ԱԺ պետական-իրավական  հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 2-ի համատեղ նիստում` «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

Նիստը վարել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է ոլորտային կառույցների կատարողականները, այնուհետեւ դրանց պատասխանատուներն անդրադարձել են իրականացված ծրագրերին եւ միջոցառումներին:

Այսպես, Հանրապետության նախագահի աշխատակազմը 2021 թ. իրականացրել է 1 ծրագիր` 3 միջոցառումով: Փաստացի ծախսվել է 1 մլրդ 476 մլն դրամ: Կատարողականը կազմել է 98,3 տոկոս:

Հաշվետու տարում Ազգային ժողովն իրականացրել է 1 ծրագիր` 6 միջոցառումով: Տարեկան պլանով նախապես հաստատված է եղել հատկացնել 6 մլրդ 90 մլն դրամ, ճշտված պլանով այդ ծախսերը նվազեցվել են` դառնալով 5 մլրդ 468 մլն դրամ: Փաստացի կատարողականը կազմել է 5 մլրդ 4 մլն դրամ` 98,8 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 613,5 մլն դրամով կամ 12,8 տոկոսով:

Վարչապետի աշխատակազմին նախատեսված է եղել հատկացնել 27 մլրդ 555 մլն դրամ, ճշտված բյուջեով այդ գումարը կազմել է 26 մլրդ 189,7 մլն դրամ, փաստացի կատարողականը` 23 մլրդ 874 մլն դրամ` 91,2 տոկոս:

Սահմանադրական դատարանին փաստացի հատկացվել է 678,7 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,4 տոկոս:

Բարձրագույն դատական խորհրդի կատարողականը կազմել է 94,8 տոկոս, փաստացի ծախսը եղել է 12 մլրդ 418,2 մլն դրամ:

Արդարադատության նախարարության փաստացի ծախսը հաշվետու տարում կազմել է 19,6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 83,3 տոկոս: 2020 թ. համեմատ ծախսն ավելի է եղել 8,4 տոկոսով:

Դատախազության փաստացի ծախսը 2021 թ. կազմել է 6 մլրդ 138 մլն դրամ, կատարողականը` մոտ 100 տոկոս:

Պետական վերահսկողական ծառայության կատարողականը կազմել է 94,7 տոկոս, ճշտված պլանով հատկացվել է 714,5 մլն դրամ:

Քննչական կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր` 5 միջոցառումով: Ճշտված պլանով հատկացվել է 8 մլրդ 156,4 մլն դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ճշտված պլանով հատկացվել է 259,2 մլն դրամ, փաստացի ծախսը կազմել է 215 մլն դրամ:

Հատուկ քննչական ծառայության կատարողականը հաշվետու տարում եղել է 92 տոկոս կամ 718 մլն դրամ:

Հաշվեքննիչ պալատի կատարողականը կազմել է 100 տոկոս, փաստացի ծախսվել է 1 մլրդ 134,8 մլն դրամ: