Տպել
02.06.2022
Գերատեսչությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նախորդ տարի իրականացված ծրագրերին եւ միջոցառումներին
1 / 11

2021 թ. Արդարադատության նախարարությանը պետական բյուջեից տրամադրվել է 23,6 մլրդ դրամ. կատարողականը կազմել է 83,3 տոկոս: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարարի գնահատմամբ՝ 2021 թ. Հարկադիր կատարման ծառայության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ավելացել են վարույթները եւ բռնագանձված գումարները:

Պետական վերհսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ հաշվետու տարում ծառայությանը հատկացվել է 755,2 մլն դրամ: Տարվա ընթացքում կատարված վերաբաշխումների արդյունքում ճշտված պլանը կազմել է 714,5 մլն դրամ, ծախսերը՝ 676,7 մլն դրամ՝ ապահովելով 94,7 տոկոս կատարողական: Զեկուցողը նշել է, որ 40,7 մլն դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Զեկուցողի խոսքով՝ այս պահին ծառայությունը մի շարք մարմիններում եւ կազմակերպություններում իրականացնում է հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործառույթներ:

ՀՀ սահմանադրական դատարանի 2021 թ. բյուջեն կազմված է եղել 1 ծրագրից, որը ներառում է 2 միջոցառում: Հաշվետու տարում Սահմանադրական դատարանին հատկացվել է 683,9 մլն դրամ: Միջոցները հիմնականում ուղղվել են ՍԴ-ի գործունեության եւ սահմանադրական արդարադատության ապահովման միջոցառմանը: Կատարողականը կազմել է 99,4 տոկոս:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանն ընդգծել է, որ 2020 թ. սկսած Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների քանակն անշեղորեն աճել է:

Հաշվեքննիչ պալատին ՀՀ պետական բյուջեից Հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննության ծրագրի շրջանակներում 2021 թ. տրամադրվել է 1,1 մլրդ դրամ, որը, ըստ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի, ամբողջությամբ օգտագործվել է:

Հաշվետու տարում նախատեսված 51 հաշվեքննության դիմաց իրականացվել է 69-ը:

Բարձրագույն դատական խորհրդին 2021 թ. ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 12,4 մլրդ դրամ: Միջոցներն ուղղվել են Դատական իշխանության գործունեության ապահովման ու իրականացման ծրագրին:

Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ պայմանավորված միջոցառումների շրջանակում եւ սնանկության, վարչական, վերաքննիչ քրեական, վերաքննիչ քաղաքացիական դատարաններում դատավորների թվակազմի ավելացմամբ, ինչպես նաեւ միջդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 204 մլն 387 դրամ. ընդհանուր առմամբ հատկացվել է 13 մլրդ 100 մլն 771 դրամ:

ՀՀ դատախազությանը նախորդ տարի հատկացվել է 6,1 մլրդ դրամ, կատարվել է 2 ծրագիր՝ «Փորձաքննության ծառայություններ» եւ «Դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն»:

Ոլորտներում ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին անդրադարձել են նաեւ Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներն ու ներկայացուցիչները: