Տպել
07.06.2022
Քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների 2021 թ. բյուջետային հատկացումները
1 / 3

2021 թ. ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է բյուջետային 21 ծրագրի 194 միջոցառում, որի բյուջեն փաստացի կազմել է շուրջ 174 մլրդ 809 մլն դրամ, ճշտված ծրագրի օգտագործումը կազմել է 97,7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ 2,3 տոկոսով ավելի: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների 2021 թ. բյուջետային հատկացումները:

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ, պետական բյուջեից տրամադրվել է 315 մլն 600 դրամ, կատարողականը՝ 97,3 տոկոս:

Հանրային հեռարձակողի խորհուրդը նախորդ տարի ունեցել է 1 ծրագիր՝ 6 միջոցառմամբ, որի համար հատկացվել է 7 մլրդ 51 մլն դրամ, կատարողականը՝ 100 տոկոս:

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին 2021 թ. տրամադրվել է 398,6 մլն դրամ, կատարողականը՝ 91,8 տոկոս:

Այնուհետեւ ոլորտների պատասխանատուները ներկայացրել են օգտագործված բյուջետային միջոցները, թերակատարված կամ չկատարված ծրագրերն ու դրանց պատճառները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում տարված աշխատանքներին:

Նրա տեղեկացմամբ՝ 2021 թ. կրթության ոլորտում շարունակվել են բարեփոխումները՝ ուղղված մատուցվող ծառայությունների որակի հասանելիությանն ու մատչելիությանը:

Հաստատվել է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանն ու ժամանակացույցը: Հաստատվել են նաեւ նախադպրոցական համալիր ծրագրեր՝ բոլոր տարիքային խմբերի երեխաների համար:

Հանրակրթության ոլորտում եւս իրականացվել են բարեփուխումների լայն քայլեր: 2021 թ. հոկտեմբերից ատեստավորման գործընթացն անցած 475 ուսուցիչ ստանում է 30-50 տոկոս հավելավճար: Փոխնախարարի խոսքով՝ ուսուցիչների ատեստավորման գործընթացն ավելի է ընդլայնվել 2022 թ.: Վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, հաստատվել են առարկայական նոր չափորոշիչներ, ծրագրեր: 107 ավագ դպրոցում ներդրվել են լաբորատորիաներ: Բարելավվել են մի շարք դպրոցների ու մանկապարտեզների շենքային պայմանները:

Մշակութային ոլորտում քայլերն ուղղված են եղել Կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը, շարունակվել է մշակութային ժառանգության պահպանման հայ մշակույթի հանրահռչակման գործընթացը:

Սպորտի ոլորտում իրականացվել են աշխատանքներ օլիմպիական հերթափոխի եւ բարձրակարգ մարզիկների պատրաստման ուղղությամբ: Պետական աջակցություն է տրամադրվել նաեւ բնակչության ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության ապահովմանը, հաշմանդամային սպորտին, ազգային ֆեդերացիաներին, մարզական հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին: