Տպել
08.06.2022
Սոցիալական աջակցության ոլորտում ճկուն քաղաքականության իրավական հիմքեր կստեղծվեն
1 / 3

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կտրամադրվի աջակցության քարտ՝ արձագանքելով նրանց առաջնային կարիքներին եւ ապահովելով սննդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության գույքով: Գումարի չափը տարբեր սոցիալական խմբերի եւ իրավիճակների համար կլինի տարբեր. այն կսահմանվի Կառավարության կողմից:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում ՀՀ կառավարության հեղինակած ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում ապահովված չեն ոլորտը կարգավորող Կառավարության այս պահին գործող որոշումների իրավական հիմքերը: Կառավարությունը 2021-2026 թթ. իր գործունեության միջոցառումների ծրագրով հանձնառել է բարեփոխումներ, որոնք կարգավորվում են գործող օրենքի շրջանակում: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կստեղծվեն անհրաժեշտ իրավական հիմքեր, եւ հնարավոր կլինի ենթաօրենսդրական ակտերով իրականացնել բարեփոխումները:

Ըստ Աննա Ժամակոչյանի՝ արագ արձագանքման մեխանիզմներ են անհրաժեշտ նոր սոցիալական աջակցության ծառայություններ ստեղծելու համար, որով սոցիալական աջակցության ոլորտում ճկուն քաղաքականության իրավական հիմքեր կստեղծվեն: Օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությանը լիազորվում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ սահմանելու հնարավորություն, որի կարիքն առաջացել էր դեռեւս անցյալ երկու տարիներին՝ ճգնաժամային իրավիճակներում: Համակարգը փորձարկվել է. մի շարք դոնոր կազմակերպություններ, միջազգային գործընկերներ միացել են Կառավարության սահմանած սոցիալական աջակցություններին, որոնք տրամադրվել են հատկապես Արցախից տեղահանված քաղաքացիներին: Այս մեխանիզմով կհամադրվեն տարբեր շահագրգիռ կողմերի քաղաքականությունները` թիրախային խմբերին հասցեական աջակցություն տրամադրելու նպատակով:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվել է նաեւ սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ:

Կարեւորելով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել քննարկված նախագիծը: