Տպել
10.06.2022
Առաջարկվում է նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները
1 / 2

Առաջարկվում է նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները: Այս մասին հայտնել է Արմեն Խաչատրյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած այս նախագիծը քննարկվել է հունիսի 10-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Զեկուցող Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ` եթե վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում իրավախախտը վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր):

Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկել է 48 ժամը դարձնել 24 ժամ, ինչը հեղինակներն ընդունել են:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամսով: