Տպել
10.06.2022
Արթուր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ անունից երախտագիտություն է հայտնել չեխ գործընկերներին՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար
1 / 7

Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եռօրյա այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են ունեցել Չեխիայի գործընկերների հետ:

Նրանք, մասնավորապես, հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Օլգա Ռիխտերովայի հետ, ներկայացրել են տարածաշրջանին եւ ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերը` ընդգծելով հրատապ հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ մեր գործընկերների գործուն աջակցության կարեւորությունը:

Հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ժենիշեկի հետ, քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին վերաբերող առաջնահերթությունները, վերահաստատել ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ եւ տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:

Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Պատգամավորների պալատում իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական դեմոկրատական» խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի եւ բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունն առավել խորացնելու հնարավորություններին եւ ուղղություններին, քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ԱԺ պատգամավորներն ընդգծել են ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակում խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության օրակարգերի կարեւորությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հայանպաստ գործունեության համար պետական պարգեւներ է հանձնել Մարեկ Բենդային եւ Յիրժի Կոբզային:

Արթուր Հովհաննիսյանը եւ Մերի Գալստյանը հանդիպել են նաեւ Չեխիայի խորհրդարանի Սենատի ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ Յիրժի Չունեկի հետ, ներկայացրել են Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների առաջնահերթությունները, ՀՀ ձեռքբերումները եւ շարունակական ջանքերը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ, CEPA-ի կիրարկման ընթացքի եւ այդ ոլորտում Չեխիայի հետ արդեն գործող եւ նոր համագործակցության հնարավորությունները:

Հայ պատգամավորները  հանդիպել են նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի  նախագահ Յանա Կրուտակովայի եւ փոխնախագահ Յիրժի Կոբզայի հետ, քննարկել են երկու խորհրդարանների միջեւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես, ջրային ռեսուրսների, հանքարդյունաբերական թափոնների ռիսկերի կառավարման, կենցաղային թափոնների տեսակավորման եւ վերամշակման ոլորտներում չեխական փորձի ուսումնասիրության եւ տեխնիկական աջակցության հնարավորությունները:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել գործընկերների եւ ոլորտի մասնագետների խմբով այցելելու Հայաստան՝ առաջիկայում համագործակցության հստակ ոլորտներ սահմանելուց հետո:

Այցի շրջանակում Արթուր Հովհաննիսյանը եւ Մերի Գալստյանը մասնակցել են նաեւ Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը պետական պարգեւներ է հանձնել ներկա եւ նախկին մի շարք չեխ խորհրդարանականներին` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման, համընդհանուր արժեքների պաշտպանության եւ հայանպաստ գործունեության համար, մասնավորապես, Հայոց ցեղասպնության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին սատարող բանաձեւերի համար:

Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ անունից երախտագիտություն է հայտնել չեխ գործընկերներին՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...