Տպել
13.06.2022
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
1 / 3

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերով նախատեսված համատեղ միջոցառումների շրջանակում:

ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի երկրորդ մասի շրջանակում նախատեսված 30 հաշվեքննությունից ավարտվել է 19-ը, իսկ մնացած 11-ը դեռեւս շարունակվում է:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՊ-ի հաշվեքննության շրջանակը ներառել է օրինականության, տնտեսման, ինչպես նաեւ ծախսային եւ նպատակային արդյունավետության առումով ռիսկային եւ առավել նշանակալի ոլորտներ՝ հաշվի առնելով ՀՊ-ի ռեսուրսները:

Իրականացված 19 հաշվեքննության արդյունքով ՀՊ-ի կողմից հաստատված ընթացիկ եզրակացությունները սահմանված ժամկետներում ներկայացվել են Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը եւ համապատասխան հաշվեքննության օբյեկտներին:

Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է օրենսդիր մարմնի հետ գործակցության կարեւորությունը:

Նա նշել է, որ ՀՊ-ի հաշվեքննությունների արդյունքները որոշակի պարբերականությամբ քննության առարկա են դառնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:

Քննարկման արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Այս հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում: