Տպել
14.06.2022
Գործադիրը փոփոխություն է առաջարկում Դատական օրենսգրքում
1 / 1

Ներպետական ատյանների վեճի սպառումից ու ներպետական դատական ակտի կայացումից մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական ակտի կայացում անցնում է տեւական ժամանակ: Այս հանգամանքով է պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում մինչեւ 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճռի պայմանի նախատեսումը:

Հայաստանի կառավարությունը փոփոխություններ ու լրացում է նախատեսում Դատական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ օրինագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումը դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելության հիմք` հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Սակայն, Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագիծը վերջինիս կարծիքի հիման վրա լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ: Այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում, կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի: Գրիգոր Մինասյանի խոսքով` 2008 թ. մինչեւ 2018 թ. ընկած ժամանակահատվածում մի շարք գործեր են հարուցվել ՄԻԵԴ-ում, որոնցից մի քանիսը դեռեւս քննվում են, եւ արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ բոլոր վարույթ հարուցող մարմիններն իրավասություն ունեն ՄԻԵԴ-ի արձանագրած` մարդու իրավունքների խախտման դեպքում վարույթ հարուցել: Դա վերաբերում է ՄԻԵԴ-ի կայացրած այն վճիռներին, որտեղ կոնկրետ կարձանագրվի, որ մարդու իրավունքների խախտումը դատավորի դիտավորության կամ կոպիտ անփութության հետեւանքով է տեղի ունեցել: Այսինքն` լիազոր մարմինը պետք է ուսումնասիրի ՄԻԵԴ որոշումը եւ արձանագրի` արդյո՞ք ՄԻԵԴ-ը ամրագրել է, որ կոնկրետ դատական շղթայում տեղի ունեցած գործընթացում խախտվել է մարդու իրավունքը, եւ արդյո՞ք դա եղել է դատավորի պատճառով` միտումնավոր կամ կոպիտ անփութության հետեւանքով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Արթուր Դավթյանը: