Տպել
14.06.2022
Քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրենքը՝ կից փաթեթով
1 / 2

2014 թ. ԵԱՏՄ-ին անդամակցության նախաշեմին հրատապ ընթացակարգով ընդունվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքը: Փորձը ցույց է տվել, որ այս ոլորտում առկա են խնդրահարույց դրվագներ: Դրանից հետո ընդունվել է Մաքսային միության նոր Մաքսային օրենսգիրքը, որով վերանայվել են ազգային օրենսդրության կարգավորման ենթակա հարցերի շրջանակները եւ տրվել նոր իրավասություններ: Այս ամենի իրացումն ապահովելու նպատակով մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրինագիծ՝ նպատակ ունենալով բարելավել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջավայրը եւ նվազեցնել նրանց կողմից մաքսային գործի վրա ծախսվող ռեսուրսները: «Մաքսային կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթն ԱԺ հունիսի 14-ի նիստում ներկայացնելիս նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նոր կարգավորումներով առաջարկվում է բոլոր հնարավոր ուղղություններով էլեկտրոնային դարձնել արտահանում եւ ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների եւ մաքսային մարմինների հաղորդակցությունը: Ավելի կանխատեսելի մաքսային միջավայր ունենալու համար առաջարկվում է Կառավարությանն իրավասություն վերապահել, որպեսզի վերջինս տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացվող նախնական փաստաթղթերի փաթեթի հիման վրա որոշումներ կայացնի, թե մաքսային գործառնության համար մաքսային արժեքի որոշման որ մեթոդը պետք է կիրառվի: Ըստ փոխնախարարի՝ սա կարեւոր է, քանի որ մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրությունից է հաճախ կախված մաքսային վճարների հաշվարկման բազայի մեծությունը:

Առաջարկվում է ներդնել մաքսային վճարների գծով կանխավճարների կատարման համակարգ: Սա եւս հարմարավետ պայմաններ կստեղծի մաքսային մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների համար. վերջիններս հեռավար արդյունավետ գործիքակազմով կտնօրինեն իրենց հաշիվները: Առաջարկվում է ազատականացնել մաքսային վճարների միջեւ հաշվանցումների կատարման համակարգը: Կնվազեցվի մաքսային վճարների կատարումն օրենքով սահմանված ժամկետներից ուշանալու համար նախատեսված տույժի դրույքաչափը՝ այն մոտարկելով հարկերի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժի դրույքաչափին՝ մասնավորապես 0.15-ից նվազեցնելով 0.04-ի: Փոխարենը կընդայնվի տույժի հաշվարկման ժամանակահատվածը՝ ներկայիս 365 օրվա փոխարեն սահմանելով 730 օր:

Արման Պողոսյանի խոսքով՝ կարեւոր ուղղություն է մաքսային կամերալ ուսումնասիրությունների համակարգի ներդրումը: Դա հնարավորություն կընձեռի մինչեւ մաքսային ստուգումը սկսելը մաքսային մարմնում իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ եւ խախտումների հայտնաբերման դեպքում հայտարարատուններին առաջարկել վերացնել խախտումները:

Պատգամավորներ Հայկ Ցիրունյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի խնդրանքով փոխնախարարը որոշ մանրամասներ է հավելել: Նա պարզաբանել է, որ կկատարելագործվի մաքսային ներկայացուցչի ինստիտուտը: Վերջիններս մաքսային մարմնի համար պետք է լինեն ավելի վստահելի, տնտեսվարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու տեսանկյունից՝ ավելի գրավիչ: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե նոր կարգավորումները ինչ հնարավորություններ են տալու արտահանողին ու ներմուծողին: Փոխնախարարը նշել է, որ տնտեսվարող սուբյեկտներին օժանդակող գործիք է տրվելու, քանի որ հաճախ նրանք են ներդրումային նշանակության ապրանքներ բերում, իսկ մաքսային վճարներից հիմնականում ազատված են հենց ներդրումային նշանակության ապրանքները: Արման Պողոսյանի գնահատմամբ՝ գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետները հաճախ բավարար չեն լինում, որ լոգիստիկ խնդիրները լուծվեն, եւ ամբողջ բեռը հնարավոր լինի մասերով ներմուծել: Ժամկետի երկարացումն ընդհուպ մինչեւ 6 տարի էականորեն ընդլայնում է այս հնարավորությունը:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսեյ Սանդիկովը: