Տպել
14.06.2022
Մինչ ամսվա վերջ կներկայացվեն Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման վերաբերյալ
1 / 3

Հաշվեքննիչ պալատը դեռ չի ավարտել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը: «Մենք ենթադրաբար մինչեւ այս ամսվա վերջ կունենանք հաշվեքննության արդյունքները»,-նշել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, ապա ավելացրել, որ հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից եւ տվել պարզաբանումներ: Զարուհի Բաթոյանը նշել է, որ Ատոմ Ջանջուղազյանն այդ ընթացքում եղել է Ֆինանսների նախարար եւ մտավախություն է հայտնել, թե արդյո՞ք այդ իմաստով չի լինի շահերի բախում: Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ Հաշվեքննիչ պալատը բավարար չափով մասնագիտական կարողություններ ունի: «Պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ իմ անձի հարցը չէ, անձն ավելի ուշ է միացել պալատի գործունեությանը, քան հաշվեքննությունը եղել է քննության ընթացքի մեջ: Հետեւաբար, վստահեցնում եմ, որ որեւէ ազդեցություն չի ունենա»,- ընդգծել է պալատի նախագահը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանին է ներկայացրել ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը, ըստ նրա, համառոտ արտացոլում է պալատի 2021 թ. տարեկան ծրագրի շրջանակում իրականացված գործունեության հիմնական ընթացքը եւ արդյունքները:

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը` գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերով նախատեսված համատեղ միջոցառումների շրջանակում:

ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի երկրորդ մասի շրջանակում նախատեսված 30 հաշվեքննությունից 19-ը ավարտվել է, իսկ մնացած 11-ը դեռեւս շարունակվում է:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առաջին կետով 2020 թ. բյուջեի կատարողականին եզրակացություն տալու համար հաշվեքննիչ պալատը 17 գերատեսչությունում իարկանացրել է բյուջեի 91 տոկոսի ծածկույթ ունեցող 65 հաշվեքննություն:

«Առերեւույթ հանցագործության կասկածներով 2021 թ. հաշվետու տարվա 6 հաշվեքննության արդյունքում ձեւավորված նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն»,- տեղեկացրել է Հաշվեքննիչ պալատի նախագահը:

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ: