Տպել
11.07.2022
Ռուսաստանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը
1 / 4

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների պատմական բնույթն ու առանձնահատուկ նշանակությունը` հիմնված դարավոր բարեկամության եւ համագործակցության վրա:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարեւոր գործոններից մեկը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով` չնայած ժամանակակից աշխարհի դժվարություններին եւ մարտահրավերներին` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերը շարունակում են ավանդաբար ամուր մնալ: «Ռուսաստանը Հայաստանի առեւտրային գործընկերների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի խնդրին` նշելով, որ այն ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է մեր երկրները: «Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է նա: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու եւ այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականների ջանքերով ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը երկարաժամկետ լուծում կստանա:

«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով եւ առաջարկներով` կապված երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ռուս գործընկերների հետ բազմաթիվ միջազգային հարթակներում` ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում, ինչպես նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, հաջողված համագործակցությանը: «Միջազգային հիմնարար խնդիրների շուրջ մեր երկրների դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են: Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարեւոր ռազմավարական գործընկերներից է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Եզրափակելով խոսքը` ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլինի, եւ դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական Սփյուռքի դերին, երկու երկրների տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին: Նրա խոսքով` Ռուսաստանում ապրող մոտ երեք միլիոն հայերն իրենց ներդրումն են ունենում երկրի հասարակական կյանքում եւ տնտեսական առաջընթացի գործում: Յուրի Վորոբյովը հավելել է, որ մեծ է նաեւ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առեւտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 տոկոսով:

Նիստի մասնակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային եւ կրթական երկկողմ կապերի զարգացման գործում սփյուռքի դերակատարությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը հայկական եւ ռուսական համայնքների աջակցության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ, օգտագործել ռեսուրսները մշակութային փոխգործակցության խթանման գործում: Կարեւորվել է Հայաստանում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը կաջակցեն գիտության եւ կրթության միասնական թվային հարթակի ստեղծման նախաձեռնությանը, որը միտված է կադրային եւ տեխնոլոգիական ներուժի արագացված եւ երկարաժամկետ զարգացմանը:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում:


12.09.2024
Երեւանում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...