Տպել
13.07.2022
Հռիփսիմե Գրիգորյանը եւ Արսեն Թորոսյանը հանդիպել են Հայաստանում Շվեդիայի դեսպանին
1 / 3

Հայաստանի Ազգային ժողովի եւ Շվեդիայի Ռիկստագի միջեւ համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս առումով կարեւորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերում հայ եւ շվեդ պատգամավորների համագործակցության ակտիվացումը. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին` Հռիփսիմե Գրիգորյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացման հարցում Շվեդիայի օժանդակությունը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին:

Հայ օրենսդիրները խոսել են տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ սերտ համագործակցությունից:

Դեսպանը կարեւորել է տարբեր ոլորտներում հայ-շվեդական կապերի ընդլայնումը, ընդգծել բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները: