Տպել
14.07.2022
Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը
1 / 4

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Ալխաս Ղազարյանը լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում:

Հակակոռուպցիոն գործերի մասնագիտացված եւ պատշաճ քննությունն ապահովելու եւ համապատասխան ատյանների ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել, որ Հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ հինգ դատավորների նշանակման պահից, իսկ վերաքննիչ դատարաններում նման գործեր քննող դատավորները պաշտոնավարումը սկսում են երեքական առանձին դատավորներ նշանակվելու պահից:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հարցն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է անցումային դրույթներում փոփոխությունների իրականացմանը:

«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում հստակ արձանագրված է, որ գործադիրն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ քայլերը՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի կայացմանը»,-ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ գործերի քննության արդյունավետությունը: Այս համատեքստում փոխնախարարը ողջունել է նախաձեռնությունը՝ ուղղված հակակոռուպցիոն դատարանների ամբողջական շղթայի գործարկմանը:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանի հավանությանը:

Նախաձեռնությունը նաեւ քննարկվել ու ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: