Տպել
15.07.2022
ԱԺ աշխատակազմ-ՔՀԿ համագործակցություն` հանուն ներառականության. քննարկում խորհրդարանում
1 / 16

Մեզ համար չափազանց կարեւոր է «ակտիվ քաղաքացու» գաղափարի ներդրումը գործունեության բոլոր ոլորտներում. քաղաքացին պետք է իրեն ավելի մոտ զգա Ազգային ժողովին, լավ պատկերացնի խորհրդարանական երկրի կառավարման սկզբունքները, կապ ունենա իր պատգամավորի հետ: ԱԺ աշխատակազմն էլ իր հերթին պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի այդ կապի ամրապնդման համար` սկսած տեխնիկական հագեցվածությունից մինչեւ գիտակրթական հարթակների ստեղծումն ու ներդրումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը` «Ազգային ժողովի աշխատակազմ- ՔՀԿ համագործակցություն` հանուն ներառականության» խորագրով կլոր-սեղան քննարկման ընթացքում:

Քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 15-ին ԱԺ աշխատակազմի եւ Խորհրդարանական կենտրոնի (Կանադա) աջակցությամբ` «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում, որին մասնակցել են պատգամավորներ, կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության հիմնահարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Խորհրդարանական կենտրոնի գործընկերներին` մշտական աջակցության համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմը Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ դեռեւս 2022 թ. մարտի 7-ին կազմակերպել էր կլոր-սեղան քաղհասարակության կազմակերպությունների հետ` քննարկելու ԱԺ աշխատակազմի կողմից ներդրվող Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ներառականության հարցերը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանի խոսքով` այսօրվա քննարկման նպատակն առաջին հանդիպումից հետո խորհրդարանի ձեռնարկած քայլերի ներկայացումն է` Կորպորատիվ ռազմավարական ծրագրում ներառականությունն առաջ մղելու, ինչպես նաեւ համագործակցության հարթակների ստեղծման գործնական քայլերը հստակեցնելու համար: Նա  ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնց իրականացման համար ակնկալվում է հասարակական կազմակերպությունների աջակցությունը` գործընթացներն ավելի ներառական դարձնելու համար: Մասնավորապես, շեշտադրվել է Ազգային ժողովի շենքն ավելի ներառական եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի դարձնելու կարեւորությունը` հաշվի առնելով շենքի պատմամշակութային կոթողի կարգավիճակը, ինչպես նաեւ Ազգային ժողովի կայքէջի եւ կրթական ծրագրերի ներառականության հարցերը:

Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին քննարկմանը մասնակցելու համար, նշել է, որ այս միջոցառումը կարեւոր քայլ է` համաձայնեցնելու եւ սկսելու գործնական աշխատանքային գործընթաց: Նա քննարկման մասնակիցներին է փոխանցել ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի ուղերձը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթների առարկան է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ իրավական միջավայրի ձեւավորումը: Ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են գալու որպես գործընկեր եւ խորհրդատու, թե ինչպես ավելի մատչելի դարձնել ԱԺ շենքը, պաշտոնական կայքէջը եւ, ընդհանրապես, ԱԺ-ի գործունեությունը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց: «Մեր հանձնաժողովի հենքի վրա արդեն իսկ քաղհասարակության հետ ձեւավորված հարթակներ կան: Մենք ներգրավվում ենք նաեւ ԱԺ աշխատակազմի հարթակում ձեւավորված աշխատանքային խմբերում, որի նպատակն է ԱԺ գործունեությունը դարձնել ավելի ներառական` ի նպաստ հանրության մեջ հավասար իրացման»,- ասել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանի խոսքով` քննարկման առաքելությունը խորհրդարանն ավելի ներառական դարձնելն է: «Կանադայի գործընկերները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու ԱԺ աշխատակազմի կարողությունները, վերանայելու շենքային պայմանները, ապահովելու տարբեր ծրագրերի իրականացումը: Կարծում եմ` լավ ավանդույթ է ձեւավորվում, եւ անցնում ենք գործնական քայլերի»,- ասել է պատգամավորը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել աջակցելու ԱԺ աշխատակազմին: Քննարկվել են մասնագիտական աշխատանքային խմբեր ձեւավորելուն, խորհրդարանի շենքի մատչելիությանը եւ ԱԺ այցելող քաղաքացիների հետ աշխատող անձնակազմի վերապատրաստմանը վերաբերող հարցեր: Առաջարկվել է ԱԺ-ի` նախագծվող նոր կայքէջը փորձարկել ներառականության` տեղեկատվության հասանելիության եւ մատչելիության տեսանկյունից` սահմանափակ տեսողություն կամ լսողություն ունեցող անձանց համար:

Կողմերի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպումները դարձնելու պարբերական:
 


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...