Տպել
02.09.2022
Քննարկվել են ներքին բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները
1 / 14

Վարչարարության վերջին փոփոխությունները դժգոհությունների ալիք են բարձրացրել ներքին բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների շրջանում, ուստի նախաձեռնվել է քննարկում՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, եւ դրանց լուծման ի՞նչ առաջարկներ կան: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական համապատասխան կառույցների պատասխանատուներ, ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:

Քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրները հիմնականում պայմանավորված էին ոլորտում մոտ մեկ ամիս առաջ կատարված վարչարարության փոփոխություններով:

«Կա արձանագրում, որ ծանրաքաշ բեռների փոխադրման ընթացքում ճանապարհածածկը շատ արագ քայքայվում եւ փչանում է, այդ իսկ պատճառով հսկողությունն ուժեղացվել է ծանրաքաշ բեռների տեղափոխման կանոնների պահպանման նկատմամբ: Սրանով փորձ է արվում պահպանել ճանապարհածածկի վիճակը եւ նվազագույնի հասցնել այն վնասները, որոնք պատճառվում են ծանր բեռներ տեղափոխելու արդյունքում»,- նշել է պատգամավորը: Նա նաեւ հայտնել է, որ խնդրահարույց է համարվում նաեւ  բեռների կշռման գործընթացը:

Ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները խոսել են իրենց հուզող խնդիրների մասին, ներկայացրել դրանց լուծման իրենց տարբերակները: Ըստ հնչած որոշ տեսակետների՝ կան հատվածներ, որտեղ ճանապարհածածկը համապատասխան ամրություն չունի, հաշվի առնված չէ նաեւ աշխարհագրական դիրքը, ինչը շատ հաճախ բեռների քաշը ոչ ճիշտ ցույց տալու պատճառ է դառնում: Խնդրահարույց է բեռների կշռման գործընթացը, ինչպես նաեւ տարիների ընթացքում ձեւավորված ավտոպարկը:

«Կարող ենք արձանագրել, որ թե՛ տնտեսվարողները, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչները միակարծիք էին, որ Կառավարության 2019 թ. N 1158 որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Լրացուցիչ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ անելու կարիք կա, եւ այդ վերլուծությունները պետք է անել համակողմանի, համապարփակ, եւ պետք է մասնակցություն ունենան նաեւ բոլոր կողմերը»,- ամփոփելով քննարկումը՝ ասել է Արմեն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ հաշվի առնելով հնչած առաջարկներն ու դիտողությունները՝ կնախաձեռնվեն  փոփոխություններ եւ լրացումներ համապատասխան օրենսդրությունում: