Տպել
06.09.2022
Լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար
1 / 5

Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում:

Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2014 թ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Հատկացվող ֆինանսավորումը, սակայն, հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը, եւ բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը: Նախագծով նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից կստանան նպատակային ֆինանսավորում:

Օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներն ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները, եւ հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Կսահմանվի պետական պարտավորություն՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետական միջոցների հաշվին դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար:

Հեղինակն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածը, որով սահմանվում են պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այս հոդվածը ժամանակավրեպ է, քանի որ մեր երկիրը վաղուց ստանձնել է համընդհանուր ներառման սկզբունքը եւ հատուկ դպրոցներ բացելու ծրագրեր ու նպատակներ չունի:

«Զարուհի Բաթոյանի առաջարկները համահունչ են Կառավարության վարած քաղաքականությանը եւ կրթության բոլոր մակարդակներում ներառականության որակն ամրապնդելու նպատակ ունեն»,-ասել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Կառավարության տեսակետը: Նրա խոսքով՝ բնագավառում իրականացվող փոփոխությունների նպատակը կրթությունը հասանելի դարձնելն է բոլոր երեխաներին՝ անկախ իրենց խնդիրներից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը եւս հարակից զեկույցում կարեւորել է օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այն համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը եւ կրթության զարգացման ծրագրին:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով: