Տպել
06.09.2022
Կարեւորվել է ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար հարկային առավել բարենպաստ եւ մրցունակ միջավայրի ձեւավորումը
1 / 11

Ներկայումս հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի այն տնտեսվարողների համար, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 30-ը: Նրանք մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 31-ն ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկը 10 տոկոս դրույքաչափով է նախատեսված: Հաշվի առնելով, որ ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների հոսք կա՝ մեր երկրի մրցունակությունը պահպանելու համար պետք են նոր մեխանիզմներ եւ աջակցության նոր ուղղություններ: Հարկային հատուկ ռեժիմը, որը սահմանված է մինչեւ 30 աշխատակիցների համար, ուղղված է նորաստեղծ փոքր ընկերություններին, ինչը ստվերի առաջացմանն է նպաստում՝ կանխելով զարգանալու հնարավորությունը: Տնտեսվարողը, հարկային արտոնությունից օգտվելու համար, նախընտրում է մնալ փոքր չափերի մեջ: Մի շարք երկրներում ավելի լավ պայմաններ են, ու չի բացառվում, որ ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք եկել են ՀՀ, կարող են գնալ երրորդ երկիր: Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Այժմ առաջարկում են հարկային բարենպաստ ռեժիմը տարածել ոչ միայն փոքր աշխատողների շրջանում, այլ՝ ամբողջ ՏՏ ոլորտի: Իսկ միկրոձեռնարկատիրական ընկերություններին առաջարկում են հարկերից ազատել:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունների նպատակն է ստեղծել մրցունակ հարթակ: Ըստ նրա՝ հարկային բեռը պետք է նվազեցնել, որը կբերի ավելի մրցունակ հարթակ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է, որ հարկային արտոնությունները կոնկրետ նպատակներին հասնելու արդյունավետ միջոց են: «Կառավարությունը վերջին շրջանում գնում է հարկային արտոնություններից աստիճանաբար հրաժարվելու ճանապարհով, որ հարկային դաշտը չձեւախեղվի: Բայց մյուս կողմից էլ, եթե ուզում ենք որեւէ ոլորտ առանձնացվի, դա պետք է արվի հարկային համակարգով, որ գրավիչ լինի այլ երկրների հետ մրցակցելիս: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, արդեն հարցման արդյունքներն էլ են այդ մասին վկայում, Հայաստան գալու հիմնական գործոններից մեկը հասարակության վերաբերմունքն է իրենց նկատմամբ, հետո գալիս են մնացած բաները: Կան նաեւ խանգարող հանգամանքներ, բայց մենք չպետք է հույսներս դնենք միայն լավ վերաբերմունքի, համեղ սննդի կամ ռուսերենի իմացության վրա: Պիտի որպես բիզնես այդ մարդկանց համար ապահովենք այնպիսի պայմաններ, որ իրենք չմտածեն Հայաստանից տեղափոխվելու մասին: Եթե մենք այս ռեսուրսը ճիշտ չօգտագործենք, կնշանակի պահը բաց թողնել»,-նշել է Բաբկեն Թունյանը:

«Շուրջ մեկ տարի է օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ոլորտային իրավաբանների մասնակցությամբ: Հավաքագրվել են շահագրգիռ կողմերի տեսակետներն ու առաջարկությունները»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Օրենքի նախագծում ներառվել է «լիազորող նորմ» հասկացությունը, նախատեսում են մշակել լրացուցիչ պետական աջակցման ծրագրեր: Նախատեսվում է նաեւ 30 աշխատակցի շեմը դարձնել 50: Դավիթ Սահակյանը նշել է, որ 2018 թ. փետրվարի 1-ից արտոնագիր ստացած ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը, ըստ նախագծի, կերկարաձգվի 5 տարով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ Հայաստանն անդամակցում է միջազգային մի շարք կառույցների, եւ մեր պետության հարկային համակարգը պետք է խնդիրներ չստեղծի անդամակից երկրների համար:

Վաղարշակ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ունենալ մրցունակ օրենք՝ արձանագրելով ոլորտում մեծ ձեռքբերումներ: Նշվել է, որ առաջիկայում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կկազմակերպվեն նոր քննարկումներ: