Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերացնել անօրինական աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս տեսչական մարմնի կողմից ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել թաքնված աշխատանքի հայտնաբերման եւ կանխարգելման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:
ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրել է Կառավարության առաջարկած խմբագրական բնույթի փոփոխությունները, որոնք հեղինակներն ընդունել են:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
Հեղինակի՝ Կառավարության առաջարկով, մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: