Տպել
07.09.2022
Փոփոխություններ՝ ուղղված չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու պրակտիկան նվազեցնելուն
1 / 4

Կարեւորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը եւ իրավախատումների արագ հայտնաբերումը` Կառավարությունը նախատեսում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաեւ ՀՀ ոստիկանությանը:

Այդ նպատակին է ուղղված ««Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 7-ի նիստում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ:

««Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվեն «թափոնների հեռացման վայրերը շահագործողներ» եւ «թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ» հասկացությունները, աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, կհստակեցվի մոնիթորինգ իրականացնողների շրջանակը:

Սահմանված կարգին համապատասխան իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը:

Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: