Տպել
07.09.2022
Կանոնակարգվում են բազմաբնակարան շենքերի ֆինանսական հոսքերն ու ծախսման ուղղությունները
1 / 6

Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով վարչական պատասխանատվություն է նախատեսվում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար: Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեբերի 7-ի նիստում:

Նախագծի նպատակն է բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատանքի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաեւ չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հիշեցրել է վարչապետի 2019 թ. որոշումը, որով բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծվել էր միջգերատեսչական  աշխատանքային խումբ: Կատարվել է գույքագրում, արձանագրվել են ոլորտի խնդիրները: «Կարգավորման ենթակա հարցերը տեղ են գտել Կառավարության  գործունեության միջոցառումների ծրագրում»,- նշել է Արմեն Ղուլարյանն ու հավելել, որ նախատեսված են բազմաբնակարան շենքի կառավարման համակարգի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Դրանցով պայմանավորված՝ 2020 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովն ընդունել էր «Բազմաբնակարան շենքի կառավարման» եւ «Համատիրության մասին» օրենքներում փոփոխություններ ու  լրացումներ:

Սեփականատերերն օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարները պետք է կատարեն անկանխիկ՝ յուրաքանչյուր  բազմաբնակարան շենքի համար առանձին բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի համար բացված հաշվեհամարին: Ամրագրվել են բանկային հաշվի մուտքերի, այդ հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն ու պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը: Ֆոնդի միջոցները ենթակա են ծախսման՝ շենքի պահպանման եւ առաջացած անկանխատեսելի վնասների, մասնավորապես, վթարների վերացման պարագայում:     Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ 2021 թ. արդյունքներով Հանրապետության 19.183 բազմաբնակարան շենքից բանկային հաշիվներ չեն բացել 4.140-ը, իսկ 1.316-ի մասով հաշվիները բացված են ոչ թե առանձին շենքերի, այլ համատիրության կազմում գտնվող 8 հաշիվներով:

Կարգավորումները շրջանցելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն արարքը 2-րդ անգամ կատարելու դեպքում սահմանված տուգանքը կկրկնապատկվի:

Հանձանաժողովականների գնահատմամբ՝ նախագիծը բազմաբնակարան շենքերի կառավարման տեսանկյունից դրական արդյունքներ կարող է ապահովել: Գլխադասային հանձնաժողովի նիստում նախագծին տրվել է դրական եզրակացություն: