««Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը, իսկ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է արտակարգ իրավիճակներում՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, օգտագործելու եւ լրացուցիչ կապուղիներ հաստատելու կարգը, ինչպես նաեւ հաստատում է ՀՀ տարածքում բազային եւ շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրն ու ժամանակացույցը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի ներկայացմամբ՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար սահմանել լիազորող նորմեր:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացության է արժանացրել Կառավարության հեղինակած ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքների նախագծերը: