ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը թատրոնի միջազգային օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ թատերական գործիչներին ու անտարակույս նաեւ թատրոնի երկրպագուներին իրենց տոնի` թատրոնի օրվա առիթով:
Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը անգնահատելի ներդրում է ունեցել հայ ժողովրդի մշակույթի ու պատմության, ինչու չէ, նաեւ համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Հայ արտիստները իրենց արվեստով մշտապես եղել են ուշադրության կենտրոն` մարդկանց արվեստի հրաշքը պարգեւելով: Եվ այսօր էլ, շարունակելով իրենց նախորդների փառավոր ավանդույթները, նպաստում են հանդիսատեսի բարոյահոգեւոր կրթությանն ու հասարակության առաջընթացին:
Ազգային ժողովում շրջանառության մեջ է «Թատրոնին պետական աջակցության մասին» օրինագիծը, որի ընդունումը իր նպաստը կբերի թատերական գործի զարգացմանը:
Վերստին շնորհավորելով թատրոնի բոլոր մարդկանց` մաղթում եմ առողջություն ու երջանկություն, հաջողություններ ու` որ երբեք չիջնի թատրոնի վարագույրը»: