Տպել
13.09.2022
Խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ հայտարարությունը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել եւ ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածին համապատասխան ներկայացրել է ԱԺ հայտարարության նախագիծ՝ Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ հայտարարության համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ԱԺ հայտարարության նախագիծը: Տեքստը՝ կից հղմամբ:   

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱԺ հայտարարությունում ներառվել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկները:

Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ առավոտյան ժամը 09:40-ից սկսած՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հետ, որոնք ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ:

««Հայաստան» խմբակցության առաջարկներն ուղղակիորեն վերաբերելի չէին երեկ սանձազերծված ագրեսիվ գործողություններին: «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, եւ մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ: Ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար կարեւոր էր այսօր դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական խմբակցությունների միջեւ: Ցավոք, դա չստացվեց»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը հայտնել է, որ ընդդիմադիր գործընկերների առաջարկների մի մասն անընդունելի էր, այդ պատճառով նրանց առաջարկները չեն ներառվել ԱԺ հայտարարությունում:

Արծվիկ Մինասյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով, նշել է, որ իրենք հայտարարությանը դեմ չեն, սակայն, իրենց կարծիքով, այն ամբողջական չէ եւ ոչ մի լուծում չի պարունակում: «Եթե տրամադրված չլինեինք մեր պետականության պաշտպանության մասով, այս կարեւորագույն կետերը չէինք ասի»,- նշել է նա եւ տեղեկացրել, որ այս իրավիճակում «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահի ելույթը՝ այստեղ:   

65 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է հայտարարությունը:

Ազգային ժողովը հերթական նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին: