Տպել
14.09.2022
Օրենսդրորեն կկանոնակարգվեն կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները
1 / 2

Կայունացման հաշվի պատմությունը Հայաստանում սկսվում է 2009 թ.: Կառավարությունը գանձապետական միասնական հաշվին ձեւավորել է դեպոզիտային հաշիվ, կայունության միասնական հաշիվ: Այդ միջոցներով ճգնաժամին հակազդելու համար իրականացվել են ֆինանսական միջոցների ներարկում՝ ընձեռելով պետական բյուջեով նախատեսված պարտավորությունները սահուն կատարելու հնարավորություն: Հայաստանի դեպքում հիմնական խնդիրն այն է, որ գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ բացված կայունացման հաշվի մնացորդը չունի օրենսդրությամբ սահմանված որեւէ սահմանաչափ, այսինքն՝ այդ հաշվի մնացորդի ծավալն օրենսդրորեն կարգավորված չէ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:

Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ՝ կայունացման հաշվի կարեւորությունը հիմնավորվել է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությամբ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական բյուջեի կատարման եւ կառավարության կանխիկ հոսքերի կառավարման ոլորտում ընդունված պրակտիկա է կանխիկի բուֆերի կամ կայունացման հաշվի առկայությունը, որը կարեւոր գործիք է նաեւ տնտեսական հնարավոր շոկերի եւ ցնցումների ազդեցությունը մեղմելու համար:

Նախաձեռնության նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները՝ լիազորելով Կառավարությանը սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը:

Հարակից զեկուցող Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը խիստ հրատապ է հատկապես այս օրերին: Կայունացման ֆոնդը ռազմական, առողջապահական խնդիրներ, տնտեսական ճգնաժամեր առաջանալու դեպքում կօգնի առավել հեշտությամբ լուծել հարցերը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: