Տպել
07.10.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջարկվել են ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածուներ
1 / 15

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու մասին հարցերը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախագահը, ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները, փաստել է նրա մասնագիտական որակների մասին, ինչպես նաեւ անդրադարձել է պատգամավորական գուրծունեությանն ու շեշտադրել ընտրական օրենսդրության բարեփոխումներում թեկնածուի ունեցած մեծ ավանդը:

Վահագն Հովակիմյանը, շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ իր մասնագիտական փորձը կներդնի ընտրական համակարգի բարեփոխման եւ մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում:

Հանձնաժողովականները հատուկ ընթացակարգով քննարկել են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մյուս անդամների պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու մասին հարցը:

Հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԿԸՀ անդամի թեկնածու Աննա Գրիգորյանի կենսագրությունը՝ ընդգծելով աշխատանքի նկատմամբ թեկնածուի պատասխանատվությունն ու կառավարչական հմտությունները:

ԿԸՀ անդամի թեկնածու Աննա Գրիգորյանը, երախտիքի խոսք ասելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, բարձր է գնահատել ԿԸՀ-ի դերը ժողովրդավարության հաստատման ու զարգացման գործում:

ԿԸՀ անդամի թեկնածու Ժիրայր Կարապետյանի կենսագրությունը ներկայացրել է պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորն ընդգծել է թեկնածուի մասնագիտական որակները, նշել, որ վերջինս եղել է 44-օրյա պատերազմի մասնակից:

Ժիրայր Կարապետյանը, կարեւորելով իրավական անվտանգության բարձրացումը, հավաստել է, որ որպես իրավաբան կկատարի իր վրա դրված բոլոր պարտականությունները:

Առաջադրված հաջորդ թեկնածուի՝ Նունե Հովհաննիսյանի կենսագրական տվյալները ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Պատգամավորն ընդգծել է ընտրական գործընթացների վերաբերյալ թեկնածուի մասնագիտական կարողությունները:

ԿԸՀ անդամի թեկնածու առաջադրված Նունե Հովհաննիսյանը նշել է, որ ժողովրդավարությունը մեր երկրի զարգացման անկյունաքարն է: Թեկնածուն կարեւորել է նաեւ ոլորտի մասնագետի արհեստավարժությունը:

ԿԸՀ անդամի պաշտոնում առաջադրված հաջորդ թեկնածուն Սիլվա Մարկոսյանն է:

Հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու շեշտադրել նրա մասնագիտական որակները:

Սիլվա Մարկոսյանը կարեւորել է ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը: Թեկնածուի հավաստմամբ՝ ընտրական օրենսդրությունը վերջին տարիներին բարելավվել է:

Հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանն էլ ներկայացրել է ԿԸՀ անդամի պաշտոնում առաջադրված Արուսյակ Տերչանյանի կենսագրությունն ու ընդգծել թեկնածուի մասնագիտական կարողությունները:

Արուսյակ Տերչանյանը կարեւոր է համարել ընտրական համակարգի բարեփոխումները:

Հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը ԿԸՀ անդամի թեկնածու Արմեն Սմբատյանի կենսագրությունը ներկայացնելով՝ ընդգծել ԿԸՀ-ում նրա աշխատանքի փորձն ու կարողությունները:

Թեկնածուն հավաստել է, որ իր ունեցած փորձը կներդնի Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը մտքերի փոխանակության ընթացքում նշել է, որ ժողովրդավարության հիմքն արդար ու թափանցիկ ընտրություններն են, եւ ժողովրդավարությունը միակ բրենդն է, որով մեր երկիրը ներկայանում է աշխարհին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԿԸՀ նախագահի եւ անդամների պաշտոններում առաջադրված թեկնածուներին ԱԺ քննարկմանը ներկայացնելու մասին հարցը:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...