Տպել
05.04.2006
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

« Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության  (GOPAC) » Հայաստանի Ազգային կառույցի հիմնադրման կապակցությամբ եւ հաշվի առնելով համաշխարհային այդ կազմակերպության ընթացակարգերը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ազգային ժողովի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելիք միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում, հիմք ընդունելով « Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության (GOPAC) » նախագահ Ջոն Ուիլիամսի հետ իմ ձեռք բերված պայմանավորվածությունը,  ստեղծվել է « Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության (GOPAC) » Հայաստանի Ազգային կառույցը` Ազգային ժողովում ներկայացված բոլոր խումբ-խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ:

« Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպությունը» ստեղծվել է 2002 թ. ավելի քան 70 երկրների խորհրդարանականների նախաձեռնությամբ`Համաշխարհային բանկի ու այլ միջազգային հեղինակավոր կառույցների աջակցությամբ եւ նպատակ ունի բոլոր շահագրգիռ դերակատարների հետ համագործակցությամբ նպաստել խորհրդարանների վերահսկողական դերի ուժեղացմանը կոռուպիայի դեմ մղվող պայքարում, խթանել ժողովրդավարական զարգացումների խորացումը: Համաշխարհայինայդ կազմակերպությունը տարածաշրջանային եւ ազգային կառույցներ ունի բոլոր այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ կոռուպցիան շարունակում է մնալ հասարակությունների զարգացումը խոչընդոտող գործոն եւ որտեղ կարեւորվում է պայքարը այդ երեւույթների դեմ:

GOPAC-ի Հայաստանի Ազգային կառույցի ստեղծմամբ  մենք մեկ անգամ  եւս վերահաստատում ենք կոռուպցիան մեր երկրում արմատախիլ անելու անհրաժեշտությունն ու վճռականությունը: Համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը եւ օրենքի անկողմնակալ կիրառումը մեծապես կնպաստեն ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, ազատ եւ մրցունակ շուկայի զարգացմանը: Աներկբա է, որ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ զանգվածային լրատվության միջոցների ակտիվ մասնակցությունը եւ արդյունավետ համագործակցությունը մեծապես կնպաստեն կոռուպցիայի պարտությանը, որն ի վերջո ուղեկցվում է ժողովրդավարության հաղթանակով: