Տպել
16.10.2022
Բանախոսները ներկայացրել են մեր երկրում բյուջետային գործընթացը, ծրագրային բյուջետավորումն ու դրա առանձնահատկությունները. երկօրյա աշխատաժողով Ծաղկաձորում
1 / 21

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ՀՀ բյուջետային գործընթացը, մասնավորապես, արդյունքին միտված ծրագրային, գենդերազգայուն եւ կայուն զարգացման նպատակների բյուջետավորումը, ռազմավարական պլանավորման էությունն ու դրա կապը բյուջետային ծրագրերի հետ. նշել է ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ հոկտեմբերի 14-16-ը Ծաղկաձորում ԱԺ պատգամավորների, նրանց օգնականների եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպել էր աշխատաժողով՝ «ՀՀ բյուջետային գործընթացը. Ծրագրային, գենդերազգայուն եւ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) բյուջետավորում» թեմայով:

Բանախոսներն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են մեր երկրում բյուջետային գործընթացը, ծրագրային բյուջետավորումն ու դրա առանձնահատկությունները:

Բյուջետային քննարկումներին ընդառաջ ներկայացվել են նաեւ ՀՀ  2023 թ. պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները, ինչպես նաեւ 2020, 2021 եւ 2022 թթ. դինամիկան:

Նշենք, որ հոկտեմբերի 3-ից խորհրդարանում է պետական բյուջեի նախագիծը: Մինչեւ ԱԺ լիագումար նիստում քննարկվելը՝ նախագիծը քննարկվելու է մշտական հանձնաժողովներում: Այս համատեքստում կարեւորվել է աշխատաժողովի անցկացումը նաեւ այս ձեւաչափով:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացել են նաեւ մի շարք երկրների խորհրդարաններում բյուջետավորման գործընթացին, դրանում կիրառելի գործիքներին եւ բյուջեի հաստատման ու գնահատման գործընթացում անհրաժեշտ միջամտության մեխանիզմներին:

Նշենք, որ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից եւ նպատակ ունի աջակցել Հայաստանի խորհրդարանի հաշվետվողականության, թափանցիկության եւ վերահսկողական գործառույթներին: