Տպել
21.10.2022
Համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները
1 / 2

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակել են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:

Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում:

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի եւ այլ պատգամավորների հետ:

ԱԺ պատգամավորները ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները եւ հայ ժողովրդի հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները:

Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեւէ: