Տպել
21.10.2022
Ծրագրի իրականացման արդյունքում հազարավոր երեխաներ հնարավորություն կունենան ստանալ մրցունակ կրթություն. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
1 / 5

Սա այն վարկային համաձայնագրերից է, որի հիմնավորվածությունն առավել քան ակնհայտ է: Տոկոսադրույքները բավականին լավն են. նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում հազարավոր երեխաներ հնարավորություն կունենան ստանալ մրցունակ կրթություն: Այս համատեքստում Գեւորգ Պապոյանը կարեւորել է դասավանդողների վերապատրաստման հարցը, ինչպես նաեւ աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների մագիստրոսական ծրագրերի ներդրումը բուհերում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը:

Քննարկվող համաձայնագրի շրջանակում 200 դպրոցներում կստեղծվեն բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:

Հանրապետության 80 բնակավայրում համաձայնագրի շրջանակում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան: Ծրագրվել է մինչեւ 2026 թ. ստեղծել 500 նախակրթարան:

Բուհերը կստանան նորարարական եւ զարգացման ծրագրեր իրականացնելու դրամաշնորհներ: Այս ծրագիրը շարունակվում է նախորդ վարկային ծրագրից. բուհերն արդեն մեծ ծավալի աշխատանքներ են կատարել այս մասով:

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը` տարեկան 0,25 տոկոս:

Ժաննա Անդրեասյանը, ի պատասխան պատգամավորների հարցերի, նշել է, որ Կառավարությունը դպրոցների հիմնանորոգման, դպրոցաշինության աշխատանքներն իրականացնում է տարբեր ծրագրերի միջոցով: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է իրականացնել ծրագրվածի մի մասը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: