Կոնվենցիայի նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը՝ ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի տեղեկացմամբ՝ կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին:
Այն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծին: