Տպել
25.10.2022
Էլեկտրոնային ծխախոտները նույնպես կհարկվեն ակցիզային հարկով
1 / 3

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները:

Հարկային օրենսգրքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2022 թ. ընթացքում 1մլ համար՝ 50 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թ. ընթացքում 1մլ համար՝ 55 դրամով, ինչպես նաեւ այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի եւ նույն ծածկագրին դասվող խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջարկվում է նաեւ օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 84 եւ 85 խմբերի ապրանքատեսակները, ավելացված արժեքի հարկից ազատել ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ սիդր տեսակի գինին:

Կառավարությանը կվերապահվի իրավասություն՝ սահմանելու ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը:

Ըստ փոխնախարարի՝ փորձագիտական գնահատումներով էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նույնպես վնաս է առողջությանը:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխության նպատակն է նախատեսված որոշ ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության հետ կապված խնդիրների կարգավորումը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների օրենսդրական փորձը:

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 25-ի հերթական նիստում: