Տպել
04.11.2022
ՀՆԱ-ից առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել ոլորտում առկա կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները
1 / 17

ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ:

Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ է: 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 157 մլրդ դրամ, որը պայմանավորված է եղել համավարակով: 2023 թ. կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թ. բյուջետային ավելացումներն ուղղվելու են առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը:

«1,7 մլրդ դրամ կտրամադրվի այս բարեփոխման համար: Բայց մենք առաջնորդվել ենք Կառավարության համար շատ կարեւոր սկզբունքով, որ աշխատավարձերը վերանայվելու են միայն բուժաշխատողների անձնական արդյունքային ցուցանիշների բարեփոխման պարագայում, որպեսզի դա ազդի նաեւ ծառայությունների որակի վրա»,- ասել է նա:

Առողջապահության նախարարի հավաստմամբ՝ կիրականացվեն մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագիրը, որը կֆինանսավորվի 21 մլրդ 17 մլն դրամով: Սիրտանոթային, շաքարային դիաբետի ու չարորակ նորագոյացությունների բուժմանը կուղղվի 20 մլրդ 103 մլն 500 հազար դրամ:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել  առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում եւ ամբողջական վերազինում: 2023 թ. այդ ծրագիրը կշարունակվի: Ուշադրություն կդարձվի մարզային ամբուլատորիաների վերակառուցմանն ու վերազինմանը. Շիրակի մարզում եւ Վանաձոր համայնքում կվերակառուցվեն պոլիկլինիկաները:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եկող տարի կվերանայվեն նաեւ որոշ բժշկական ծառայությունների գներ: Նախարարը նշել է, որ որոշ ծառայությունների գներ հնարավոր է աճեն, որոշ ծառայությունների դեպքում էլ կլինի գնիջեցում:

Համաշխարհային բանկի ծրագրերով 2023 թ. ապրիլին շահագործման կհանձնվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 69 մահճակալով բժշկական կենտրոնը, իսկ Եղեգնաձորի 36 մահճակալով ԲԿ-ն կշահագործվի 2023 թ. աշնանը: Վերակառուցվելու է նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը:

Առողջապահության նախարարը պատասխանել է հանձնաժողովականների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են համակարգում առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

Անահիտ Ավանեսյանը կարեւորել է ոլորտում առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը:

Առողջապահության բնագավառի վերաբերյալ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը  նախնական քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում: