Տպել
08.11.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Առաջին ընթերցումից հետո ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել. նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ունենալու, ինչպես նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի որոշ դրույթներում հիշյալ կառույցներին վերաբերելի կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ:

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսել հավելավճարի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար, ինչպես նաեւ շտկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված կարգավորումները:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերի փաթեթում փոփոխություններ չեն կատարվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել ԴԱՀԿ-ի կողմից կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միեւնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու եւ առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ:

Գրիգոր Մինասյանի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Նույնանուն՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը:

Ըստ փոխնախարարի՝ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է:

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են:

Քննարկման արդյունքում բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Նշված օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: