Տպել
09.11.2022
Կառավարության հեղինակած օրինագծով էլեկտրաէներգետիկական համակարգում կներդրվի հաշվեկշռման ծառայություն
1 / 1

Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը էլեկտրաէներգետիկական համակարգում հաշվեկշռման ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերի ամրագրումն է:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հավաստմամբ առաջարկվում է օրենքով սահմանել հաշվեկշռման ծառայությունը, այն մատուցելու իրավունք ունեցող անձանց եւ ծառայության մատուցման սկզբունքները:

Օրենքի նախագծով տրվել է նաեւ «հաշվեկշռող էլեկտրաէներգիա» հասկացության սահմանումը, ամրագրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը, որն իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով:

«Հաշվեկշռման ծառայության ներդրումը հնարավորություն կտա համակարգի շեղումներն ու տատանումները կարգավորել տվյալ սեփականատիրոջ կողմից էլեկտրաէներգիայի արտադրության նվազեցման արդյունքում»,-ասել է Վաչե Տերտերյանը:

Պատասխանելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ էլեկտրամոբիլներին էլեկտրաէներգիա չի վաճառվելու, այլ ծառայություն է մատուցվելու, ինչի համար անհրաժեշտ է վճարել:

Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ էներգիայի կուտակման վերաբերյալ հարցի առնչությամբ Վաչե Տերտերյանը փաստել է, որ էներգիայի կուտակման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Ըստ փոխնախարարի՝ էլեկտրաէներգիայի կուտակումն առաջիկայում կդառնա առանձին բիզնես:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում օրինագծին տվել են դրական եզրակացություն:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում: