Տպել
11.11.2022
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այցելել է Արեւուտ եւ Կանչ եզդիաբնակ համայնքներ
1 / 16

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պարբերաբար այցելում է Հայաստանի տարբեր մարզերում բնակվող  հայրենակիցներին, ծանոթանում նրանց խնդիրներին, քննարկում դրանց լուծման հնարավոր ուղիները:

Պատգամավորը նոյեմբերի 11-ին հերթական անգամ այցելել է Արագածոտնի մարզի Արեւուտ խոշորացված եզդիական համայնք, որի կազմում են  Արեւուտ, Կանչ, Դդմասար,  Թլիկ,  Հակո եւ Սորիկ  բնակավայրերը:  Ռուստամ Բաքոյանը  եղել է Արեւուտի եւ Կանչի  հիմնական դպրոցներում եւ Արեւուտի  գյուղապետարանում, ծանոթացել բնակիչներին հուզող հարցերին: Դրանք  խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում գրեթե նույնաբովանդակ են: Ըստ բնակիչների՝ հրատապ լուծման կարիք ունեն միջհամայնքային  ճանապարհները, ինչպես նաեւ անհրաժեշտ է լուծել խմելու եւ ոռոգման ջրի հարցը:

Իրար հերթ չտալով՝ Կանչի բնակիչները նշում էին՝ եթե վերանորոգվի Թաթուլ-Կանչ-Հակո միջհամայնքային ճանապարհը, ապա շատ խնդիրներ ինքնըստինքյան լուծում կստանան: Թաթուլ-Կանչ-Հակո միջհամայնքային ճանապարհի երկարությունն ընդամենը 12,1 կմ է, վերանորոգման կարիք ունեցող մյուս ճանապարհի` Հացաշեն-Սորիկի երկարությունը՝ 5,1 կմ:

Ջրի սակավության, ինչպես նաեւ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել. մարդիկ լքում են ծննդավայրը, պակասել են նաեւ ամուսնություններն ու աշակերտների թիվը: Արեւուտի դպրոցում սովորում է 11 աշակերտ, Կանչում՝ 8: Արեւուտում այս տարի նույնիսկ առաջին դասարանցի չկա:

Ինչպես պատկերավոր նշել է Կանչի  բնակիչներից մեկը՝ գյուղը չլքելու համար երեք բան է պետք՝ ջուր, ճանապարհ ու երիտասարդների ամուսնություն: Երիտասարդներից  շատերն այս գյուղերում չեն կարողանում ամուսնանալ, քանի որ հարեւան գյուղերից չեն ցանկանում հարս գալ: Պատճառը վերոնշյալ խնդիրներն են: Թե՛ Արեւուտի, թե՛ Կանչի դպրոցներում խնդիրներից հիմնականը տանիքների վերանորոգման հարցն է: Երկու դպրոցների տանիքներն էլ անմխիթար վիճակում են: Անբարեկարգ են նաեւ դասասենյակները, չկան մարզադահլիճներ:

Խոշորացված 6 բնակավայրում, որոնց  վարչական կենտրոնն Արեւուտն է,  անհրաժեշտություն կա ունենալու նաեւ  միջնակարգ դպրոց:

«Համայնքներում բազմաթիվ են խնդիրները եւ շատ խորքային: Ինձ համար շատ կարեւոր է այս համայնքների բարձրացրած խնդիրների լուծումը, որովհետեւ եզդիական համայնքները հիմնականում դատարկվում են: Եթե գյուղը չդատարկվեր, 200-ից ավելի  տնտեսություն կլիներ  այստեղ՝ Կանչ գյուղում, սակայն այժմ մոտ 10 տնտեսություն կա: Սա լուրջ խնդիր է մեզ համար: Խնդիրների  լուծման դեպքում կկարողանանք  ազգաբնակչությանը պահել»,-կարծում  է  Ռուստամ Բաքոյանը:

Բնակիչների հետ զրույցում պատգամավորը հույս է հայտնել, որ գալիք բյուջետային տարվա ծրագրերում կներառվի Կանչ, Հակո եւ Սորիկ համայնքների ճանապարհների կառուցման եւ  բարեկարգման հարցը:

Քննարկվել է նաեւ սուբվենցիոն ծրագրերով փոքր ջրհորներ կառուցելու հնարավորությունը: