Տպել
15.11.2022
Նախատեսվում են միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ
1 / 3

2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը բաղկացած է 35 հոդվածից եւ բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2016 թ. դեկտեմբերի 26-ին հաստատված` աուդիտորական ծառայությունների մատուցման բնագավառում միասնական շուկայի ձեւավորման ազատականացման ծրագրից. նոյեմբերի 15-ին ԱԺ հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրով նախատեսված է միասնական պայմաններ եւ պահանջներ սահմանել ԵԱՏՄ անդամ պետություններում աուդիտորական ծառայություններ մատուցելու նկատմամբ, ինչի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում կներդրվի աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների եւ աուդիտորների ռեեստր: Ըստ Արման Պողոսյանի՝ սահմանվել են նաեւ դրույթներ աուդիտի որակի արտաքին հսկողության վերաբերյալ: Համաձայնագիրը նպաստում է ԵԱՏՄ համագործակցության շրջանակում աուդիտորական ծառայությունների մատուցման ազատ շուկայի ձեւավորմանը, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ԵԱՏՄ շուկան հասանելի դարձնելուն:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, առաջարկել է պատեհ պահի կողմ քվեարկել: