Տպել
16.11.2022
Խորհրդարանն ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
1 / 5

Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Սենատին երեկ՝ նոյեմբերի 15-ին, ընդունած բանաձեւի համար, որով ֆրանսիացի գործընկերներն աջակցում են Հայաստանին եւ առաջարկում  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

«Նկատի ունենալով երեկ Ֆրանսիայի Սենատի որոշումը՝ մենք ողջունում ենք Սենատի կողմից տրված գնահատականները եւ շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի եւ, հատկապես, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքից անհապաղ ադրբեջանական օկուպացիոն զինված ուժերը դուրս բերելու համար»,- ասել է նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միացել է Արծվիկ Մինասյանի խոսքին եւ նույնպես շնորհակալություն հայտնել:

Բանաձեւն ընդունվել է 295 կողմ եւ 1 դեմ ձայնով: Այն ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը եւ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: