Տպել
17.11.2022
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացել է «Հայաստանի օր» խորագրով միջոցառումը
1 / 5

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի՝ Լանդթագի նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին Մագդեբուրգում տեղի է ունեցել «Հայաստանի օր» խորագրով միջոցառում, որի ընթացքում ելույթ են ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերը, երկրամասի փոխվարչապետ Արմին Վիլինգմանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Երեկոյի ընթացքում հնչել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարումները:

Միջոցառման ընթացքում կարեւորվել է ՀՀ խորհրդարանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ արդյունավետ փոխհարաբերությունների ձեւավորման անհրաժեշտությունը, անդրադարձ է եղել համագործակցության ուղղություններին եւ հեռանկարներին: Ընդգծվել է պատմամշակութային ու տնտեսական կապերի նշանակությունը, որով հարաբերվում են Սաքսոնիա-Անհալթ երկրամասը եւ Հայաստանը:

Միջոցառումը եզակի էր. մեր երկրի հանդեպ առանձնահատուկ ուշադրությունը պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանն ընկալվում է ժողովրդավարական եւ հարուստ մշակութային արժեքներ կրող պետություն:

Վլադիմիր Վարդանյանն արժեւորել է Սաքսոնիա-Անհալթի հետ հարաբերությունների խորացումը՝ հիմքում ունենալով պատմական, մշակութային եւ տնտեսական կապերի ամրապնդման կարեւորությունը:

Կողմերը հաստատել են, որ Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջեւ բազմավեկտոր հարաբերությունները զարգացնելու, խորացնելու եւ առավել գործնական հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն կա: Այս գործընթացում արժեւորվել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի անխոնջ աշխատանքը միջոցառման կազմակերպման հարցում եւ այլ ոլորտներում: