Տպել
25.11.2022
Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման եւ էթնիկ զտումների. Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
1 / 1

Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում:

«Սիրելի՛ գործընկերներ, պատվարժա՛ն նախագահ,

Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի եւ մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը:

Աշխարհի երեսին դժվար է գտնել գեթ մեկին (այդ թվում՝ ես), որ դեմ լինի խաղաղությանը:

Մարդու իրավունքները, ագրեսիան ու պատերազմը նույն դեմքն ու հետեւանքներն ունեն՝ անկախ ազգությունից, դավանանքից եւ աշխարհագրությունից:

Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման եւ էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների եւ հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը:

2020 թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44-օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները:

Հակառակ պայմանագրի նախատեսումներին՝ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն, այսպես կոչված, խաղաղ ժամանակահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն անցնում է 180-ը: Շարունակվում է Ադրբեջանի պաշտոնական դեմքերի ռազմատենչ եւ ահաբեկչական հռետորիկան, օկուպացված տարածքներում մշակութային վանդալիզմը: Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 130 քառ. կմ: Ագրեսիան ուղեկցվել է սարսափելի հանցագործություններով, մարդու իրավունքների համատարած խախտումներով եւ բռնությամբ, որոնք փաստված են եւ արձանագրված:

Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակվում է:

Կարծում եմ, եթե Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրությունը՝ ներառյալ ԵԱՀԿ-ն, իրապես շահագրգռված են մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղությամբ եւ կայունությամբ, ապա, իբրեւ պատերազմական հանցագործ, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիայի, քիմիական զենքի գործածության եւ Թուրքիայի աջակցությամբ ներգրավված ահաբեկիչների համար:

Ցավոք, չեմ ուզում հավատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որը, ըստ մի շարք աղբյուրների, բավարարում է եվրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, ավելի թանկ է, քան իրական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ իրական եվրոպական այն արժեքները, որոնց հավատալով շատերս անդամակցել ենք այս կառույցին: Հստակ է, որ տարաշրջանում փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին:

Եթե միջազգային հանրությունը, իրապես շահագրգիռ է մեր տարաշաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղությամբ, ապա Ադրբեջանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրեւ պատերազմական հանցագործի՝ միջազգային օրենքների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քիմիական զենքի գործածության, մշակութային վանդալիզմի համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Հակառակ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ: Ադրբեջանի հակահայ (արմենոֆոբիկ) պահավածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, եւ հակամարտությունն ագրեսիայով եւ պատերազմով լուծելի չէ»,- եզրափակել է Լիլիթ Գալստյանը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...