Տպել
11.01.2023
Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
1 / 3

Շուկայի վերահսկողության ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինների կողմից իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորությունները կվերապահվեն ոչ միայն տեխնիկական կանոնակարգման, այլ նաեւ տվյալ բնագավառում գործող մյուս անվտանգության պահանջների խախտումների համար:

Գործադիրը փոփոխություն եւ լրացումներ է առաջարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում կարգավորումներն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Նախագծով նախատեսվում է նաեւ մտավոր սեփականության ոլորտում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ու ՏԻՄ-ին միաժամանակ տրված գործառույթը վերապահել միայն ՏԻՄ-ին, քանի որ գործնականում այն վերահսկվում էր ՏԻՄ-երի կողմից:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ փոփոխությունները բխում են ԵԱՏՄ կանոնակարգումներից եւ հստակեցման նպատակ ունեն:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: