Տպել
11.01.2023
Կառավարության նախաձեռնություններն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը
1 / 4

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած նախաձեռնություններին:

«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ դրան կից նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է մեր երկրում կանոնակարգել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումները: Մասնավորապես, ՀՀ-ում արգելք է սահմանվում վերարտադրության համար նախատեսված ԳՁՕ-ների ստացման, ներմուծման, փորձարկման, պահպանման, տնօրինման, օգտագործման, հետազոտման, տեղափոխման կամ այլ կերպ գործածման համար, բացառությամբ` գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Կառավարության սահմանված պահանջներին համապատասխան մեկուսացված համակարգերում գործածվողների:

Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է: Հարցը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է առաջարկներ, որոնց հիման վրա նախաձեռնությունը լրամշակվել է: Նշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ.: