Տպել
13.01.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
1 / 1

Օրինագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում կներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: Առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, որը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով: Ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թ.:

««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար: Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ լրամշակման նպատակով: