Տպել
16.01.2023
Կառավարությունն առաջարկում է պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում ներառել նաեւ ռազմական խաղերը
1 / 3

Կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներով եւ փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարեւորագույն խնդիր: Առաջինը ռազմական խաղերի կարեւորությունն ընդգծելն է: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով դրանք հեղինակավոր մրցումներ են, որին երբեմն մասնակցում է մինչեւ 200 երկիր. Օլիմպիական խաղերից հետո ամենամասսայական մրցումներն են: Փոխնախարարը պարզաբանել է, որ բանակային խաղերն ընդգրկված չեն միանգամյա պարգեւավճար ստացող միջոցառումների ցանկում, եւ հավաքականները պարբերաբար բանակային խաղերին ուղարկում են երկրորդ, երրորդ համարներին՝ ուժեղներին թողնելով Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին պատրաստելու եւ մասնակցելու համար: «Կարծում ենք, որ 200 երկրի մասնակցությամբ անցկացվող խաղերին պետք է առաջին համարները մասնակցեն եւ դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մարզիկները շահագրգռված լինեն՝ մասնակցելու այդ խաղերին»,- ասել է նա: Այս համատեքստում առաջարկվում է այդ խաղերը եւս ներառել պարգեւատրվող մարզական միջոցառումների ցանկում: Մարզիկները հաջողության դեպքում բանակային խաղերից կստանան պարգեւավճար, ինչպես աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից, ուսանողական կամ Օլիմպիական խաղերից են ստանում:

Հաջորդ կարգավորմամբ լիազորող նորմ է ստեղծվում, որը հնարավորություն կտա Կառավարությանն ավելի հեշտ իրականացնել ծրագրերը: Փոխնախարարը պարզաբանել է, որ, օրինակ, անցած տարի իրականացված «Փարիզ 24» ծրագրով լրացուցիչ վարձատրություն կամ նպաստ է նշանակվել մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների գլխավոր եւ ավագ մարզիչներին, բժիշկներին եւ մերսողներին: «Սրա շնորհիվ էր նաեւ, որ շռնդալից հաջողություններ ունեցանք, եւ 307 մեդալ նվաճեցին մեր մարզիկները պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Այդ լիազորող նորմը թույլ կտա ավելի շատ իրականացնել նման ծրագրեր»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հաջորդ փոփոխությամբ էլ տարեկան ծրագրերը կհաստատվեն ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ լիազոր մարմնի կողմից:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: