Տպել
28.04.2006
Եվրոպական օրենսդրության իմացությունն ու փորձի կիրառումը կարագացնեն եվրաինտեգրման գործընթացը

Ապրիլի  28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՏԱՍԻՍ ծրագրի  խորհրդական, օրենսգետ Ջյուրգեն Բինդերին: Վերջինս տեղեկացրեց, որ ՏԱՍԻՍ-ը  մարտից սկսել է իրականացնել նոր ծրագիր, որի նպատակը Հայաստանի քաղաքացիներին, հատկապես երիտասարդությանը եվրոպական օրենսդրությանը ծանոթացնելն է, ինչը ավելի կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը: Պարոն Բինդերը հույս հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը` որպես օրենսդիր մարմին, քաղաքական աջակցություն կցուցաբերի իրենց նախաձեռնությանը` ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ կարեւոր ծրագրին` պարոն Բինդերին առաջարկելով հարցը քննարկել հանձնաժողովում, կազմակերպել կլոր սեղաններ, դասախոսություններ եւ համապատասխան իրազեկումից հետո, ունենալով երիտասարդ մասնագետների եւ ուսանողների ակտիվ լսարան, եվրոպական օրենսդրության մասնագետներ պատրաստել: Տիկին Հակոբյանի գնահատմամբ` եվրոպական քաղաքական մշակույթի պրոպագանդումն ու ծանոթացումը նրա օրենսդրությանը ավելի կհստակեցնեն մեր վաղվա քայլերը եվրաինտեգրման ճանապարհին:

Երկուստեք որոշեցին հաջորդ հանդիպմանը խորհրդարանի աջակցության ձեւերի հետ կապված ներկայացնել կոնկրետ առաջարկներ: