Տպել
02.05.2006
Ազգային ժողովում քննարկվեց «Freedom House-ի»-ի տարեկան զեկույցը

Մայիսի 2-ին Ազգային ժողովում կայացավ «Ժողովրդավարական առաջընթացի եւ լավ կառավարման գնահատման Freedom House-ի մեթոդները եւ հրապարակումները» թեմայով սեմինար, որին մասնակցում էին պատգամավորներ, Freedom House ոչ կառավարական կազմակերպության, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Բացելով սեմինարի աշխատանքները` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ է ներկայացվում Freedom House ոչ կառավարական կազմակերպության զեկույցը: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, խոսքի ազատությունը` հավաստելով, որ այս հարցում մեծ է «Freedom House» կազմակերպության դերը եւ առաքելությունը:

«Freedom House»  ոչ կառավարական կազմակերպության փոխտնօրեն Թոմաս Մելիան «Freedom House-ի հրապարակումները, Ժողովրդավարության ու լավ կառավարման գնահատման մեթոդիկան» զեկույցում ներկայացրեց կազմակերպության գործելակերպն ու ծրագրերը, տեղեկացրեց, որ վերջինս աշխարհի տարբեր երկրներում կատարում է ուսումնասիրություններ ընտրական գործընթացի, ազգային ժողովրդավարական կառավարման, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվության, տեղական ժողովրդավարական կառավարման, դատական համակարգի եւ կոռուպցիայի դրսեւորումների` ըստ այդմ արձանագրելով ժողովրդավարության զարգացման մակարդակը այդ երկրներում: Պարոն Մելիան կարեւորեց զեկույցը` պարզելու համար ժողովրդավարության զարգացման մեխանիզմները Հայաստանում: Ներկայացվեցին նաեւ «Ազատությունն աշխարհում» եւ «Մամուլի ազատություն» տարեկան ուսումնասիրությունները:

«Էկոնոմիս տ Ինթելիջընս Յունիթի» ավագ խմբագիր Աննա Ուոքերը ներկայացրեց «Freedom House-ի «Անցումային շրջանի երկրներ» 2006 թ. հրատարակման Հայաստանի հիմնական միտումները» զեկույցը: Տիկին Ուոքերը նշեց, որ Հայաստանն անկախության հռչակումից հետո ժողովրդավարության զարգացման դժվարին ուղի է սկսել` այդ ճանապարհին արգելք համարելով Ադրբեջանի հետ պայքարը եւ տնտեսական հիմնախնդիրները: Աննա Ուոքերը ներկայացրեց ժողովրդավարության զարգացման մակարդակը Հայաստանում` փաստելով, որ հակակշիռների եւ զսպումների համակարգի արդյունավետության բացակայությունը, նախագահական լիազորությունների կենտրոնացվածությունը, կառավարության համակարգի միակենտրոնությունը եւ անկախ քաղաքացիական հասարակության պակասը կառավարման համակարգի թուլության եւ կոռուպցիայի տարածման հիմք են հանդիսացել: Տիկին Ուոքերի դիտարկմամբ` դրական տեղաշարժ է մակրոէկոնոմիկ քաղաքականության եւ տնտեսական ու ֆինանսական ցուցանիշների բարելավումը Հայաստանում: Նրա հաղորդմամբ` «Freedom House»-ը ուսումնասիրություններ եւ վերլուծություններ է կատարում` հիմնվելով օմբուդսմենի,մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների, Եվրախորհրդի քաղաքացիական հարցերով բաժնի զեկույցներից: Ըստ Աննա Ուոքերի` Հայաստանում ԶԼՄ-ների ազատությանը խոչընդոտում են ֆինանսական սահմանափակումները:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հակակոռուպցիոն պայքարում կարեւորեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի» հանձնաժողովի գործունեությունը: Անդրադառնալով ընտրական գործընթացների թափանցիկությանը` պարոն Մարգարյանը կարեւորեց «Ընտրական օրենսգրքի»բարեփոխումները:

Ամփոփելով սեմինարի աշխատանքները` ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության պետ Աշոտ Խաչատրյանը հավաստեց, որ «Freedom House»-ի ուսումնասիրությունները կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը:

02.05.2006
Ազգային ժողովի նիստը
Մայիսի 2-ին մեկնարկած` Ազգային Ժողովի քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց եւ  13 միջազգային համաձայնագիր: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատգամավորներին ներկայացրեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում  լրացումների  եւ  հետաձգումների որոշման նախագծերը, ինչպես նաեւ`...

02.05.2006
Ներկայացվեց «Ֆրիդոմ հաուսի» տարեկան զեկույցը
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց «Ֆրիդոմ հաուս» ոչ կառավարական կազմակերպության փոխտնօրեն Թոմաս Մելիայի, Եվրոպական գրասենյակի ղեկավար Քրիստի Էվենսոնի, «Էկոնոմիստ ինթելիջենս Յունիթ»-ի խմբագիր Աննա Ուոքերի գլխավորած պատվիրակությանը:Պարոն Մելիան ԱԺ նախագահին ներկայացրեց «Ֆրիդոմ հաո...