Տպել
04.02.2023
ՀՀ Ազգային ժողովի եւ Ֆրանսիայի Սենատի աշխատակազմերը կխորացնեն համագործակցությունը
1 / 1

ՀՀ ԱԺ աշխատակազմի պատվիրակությունն ամփոփել է աշխատանքային այցը Ֆրանսիայի Սենատ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Սենատի աշխատակազմի ղեկավարության, ստորաբաժանումների ղեկավարների հետ, ծանոթացել վերջիններիս գործունեության եւ իրավական կարգավորումների առանձնահատկություններին:

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղիները՝ հիմքում ունենալով ՀՀ Ազգային ժողովի եւ Ֆրանսիայի Սենատի միջեւ կնքված համագործակցության համաձայնագիրը: Քննարկվել են ԱԺ աշխատակիցների վերապատրաստումների, տարբեր ձեւաչափերով հանդիպումների, աշխատանքային քննարկումների իրականացման հարցերը, որոնք մեծապես կնպաստեն երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Ֆրանսիայի Սենատի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ռեսուրսների եւ միջոցների գլխավոր տնօրեն Ժան-Դոմինիկ Նյուտանսի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է Սենատի Բյուրոյի (կառավարիչների խորհրդի) եւ Նախագահների խորհրդի՝ Սենատի կառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները եւ փոխգործակցությունն աշխատակազմի հետ:

Սենատի աշխատակազմի օրենսդրության եւ վերահսկողության տնօրեն Ֆաբրիս Ռոբերի հետ քննարկվել է վարչության աշխատանքը, իսկ Սենատի աշխատակազմի խորհրդարանական նախաձեռնությունների եւ պատվիրակությունների տնօրեն Շառլ Վալինի եւ 8 բաժիններից Տեղական ինքնակառավարման մարմինների ու ապակենտրոնացված համագործակցության պատվիրակությունների քարտուղարության ղեկավար Մարկ Լը Դողի հետ՝ սենատորներին տրամադրվող օրենսդրական եւ հետօրենսդրական մոնիտորինգի մեթոդաբանությունը, անկախ հետազոտությունների ուղղվածությունները, տարեկան հաշվետվություններին վերաբերող հարցերը: Ներկայացվել է Վարչության ստեղծած ինտերնետային հարթակը, որը հնարավորություն է տալիս՝ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր օղակներին տրամադրել հուզող հարցերի պատասխանները, որոնք առնչվում են Սենատի օրենսդրական կամ վերահսկողական գործունեությանը: Այդ հարթակի միջոցով ուղղակի կապ է ապահովվում նաեւ քաղաքացիների եւ Սենատի միջեւ: Երկու հանդիպումների ընթացքում համեմատական է անցկացվել խորհրդարանների նմանատիպ ստորաբաժանումների միջեւ: Սենատի երկու վարչությունների եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական ու վերլուծական վարչության միջեւ համագործակցությունը սերտացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փորձի փոխանակման, մեթոդաբանության ուսումնասիրման, տարբեր հետազոտական ռեսուրսերի օգտագործման եւ ներկայացված հարթակի ուսումնասիրման նպատակով:

Սենատի մարդկային ռեսուրսների եւ ուսուցման գծով տնօրեն Ագնես Մուլինիեի հետ էլ քննարկվել են պետական ծառայողների մրցույթների անցկացման, կադրային քաղաքականության հարցերը, վերապատրաստման ծրագրերը: Հատուկ ուշադրության են արժանացել պետական ծառայողների վերապատրաստման եւ երիտասարդների ու խորհրդարանի կապի ամրապնդման համար իրականացվող կրթական ծրագրերը, որոնք ավանդաբար իրականացնում է Սենատի աշխատակազմը: Ներկայացված բազմաթիվ ծրագրերից ընդգծվել է եռամսյա կրթական ծրագիրը՝ Սենատի ինստիտուտը: Այն՝ որպես մասնագիտական աճի հարթակ, տարբեր ոլորտների 20 մասնագետների համար է, որոնց ընտրում են Սենատի նախագահը եւ Բյուրոյի կառավարիչները: Կրթական ծրագրերի ուղղությամբ հարաբերությունները սերտացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Պատվիրակության անդամները մասնակցել են Սենատի սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ կենսաթոշակի նոր կարգավորումներին եւ երեխաների առողջությանը վերաբերող: Նրանք ծանոթացել են մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների նիստերի ապահովմանը, հատուկ աշխատանքային խմբերի եւ հետաքննող ժամանակավոր հանձնաժողովների գործունեությանը, դրանց իրավական կարգավիճակին եւ աշխատակազմի կողմից դրանց աշխատանքների ապահովմանը:

Նախագահության եւ Բյուրոյի քարտուղարության էթիկայի բաժնի գլխավոր տնօրեն Մաթյո Մունիեի հետ քննարկվել են ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները, սենատորներին՝ էթիկայի հարցերով տրամադրվող խորհրդատվությունները, անոնիմության եւ հակակոռուպցիոն ռիսկերի գնահատման առանձնահատկությունները:

Առանձնակի ուշադրություն է դարձվել Սենատի հաղորդակցության վարչության գործունեության ուսումնասիրությանը: Վարչության ղեկավարները ներկայացրել են ստորաբաժանման հիմնական առաքելությունը, լրագրողների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները: Ներկայացվել է Սենատի հեռուստատեսային ալիքի աշխատանքը, որը լուսաբանում է խորհրդարանի գործունեությունը: Ուսումնասիրվել են նաեւ Սենատի կայքի առանձնահատկությունները, Սենատի՝ սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվող տեղեկատվության տարբերությունները եւ նրբությունները: Ներկայացվել է լրագրողների հավատարմագրման գործընթացը: Այս ոլորտում հաղորդակցության վարչությունների համագործակցությունը սերտացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Պատվիրակության անդամները հնարավորություն են ունեցել նաեւ հետեւելու Ֆրանսիայի կառավարության եւ Սենատի հարցուպատասխանին, որն ավանդաբար տեղի է ունենում յուրաքանչյուր շաբաթ:

Հանդիպումներ եղել են նաեւ աշխատակազմի այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ. քննարկվել են ոլորտային համագործակցության հնարավոր եզրերը:

Պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով խիտ եւ հագեցած աշխատանքային օրակարգի համար, առաջարկել են սերտացնել հարաբերությունները ոչ միայն նախանշված, այլ նաեւ նոր ուղղություններով, ինչն ապագայում կարտացոլվի նաեւ երկու աշխատակազմերի միջեւ համագործակցության հուշագրի մեջ՝ ինստիտուցիոնալացնելով երկու աշխատակազմերի միջեւ հարաբերությունները:


09.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմ...

09.07.2024
Կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:  Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով եւ նշել, որ նման այցերը կարեւոր են երկու խորհրդարանների միջե...

09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...