Տպել
08.02.2023
Խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը
1 / 9

Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թ. ապրիլի 14-ից մինչեւ 2016 թ. սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ. ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրն ԱԺ փետրվարի 8-ի նիստում ներկայացնելիս նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ մեղադրանքն ամբողջությամբ այն մասին է, թե ինչպես է դողագործ ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել մասնավոր անձին:

Համապատասխան ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություն ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, որի հետեւանքով պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից: Հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը եւ հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը` 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամի չափով, իսկ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. վճռով Պաշտպանության նախարարությունը` որպես գրավով չապահովված պարտատեր, 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում` այդ կերպ զրկվելով համապատասխան ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից:

ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի մանրամասները` այստեղ:  
 
«Հիմք ընդունելով ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ ԱԺ դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով` միջնորդում եմ տալ համաձայնություն ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- եզրափակելով խոսքը` նշել է Աննա Վարդապետյանը:

Պատգամավորների հարցադրումները վերաբերել են գործին փոխկապակցված անձանց շրջանակին, մեղավորների հայտնաբերմանը, գործին բանկային համակարգի ներգրավվածությանը եւ այլ մանրամասների: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հափշտակված գումարը պետությանը ծառայեցնելու, սոցիալական  խնդիրների լուծմանն ուղղելու կարեւորությանը, որը, սակայն, չի արվել:

Պետությանը պատճառված վնասի չափին վերաբերող հարցին ի պատասխան` Աննա Վարդապետյանը հստակեցրել է, որ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքերի դիմաց վճարվել է 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար:

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության տեղը, ժամը եւ կարգը:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...