Տպել
09.02.2023
Խորհրդարանը շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը
1 / 4

Ազգային ժողովը փետրվարի 9-ին շարունակել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Անդրանիկ Թեւանյանը: Նա, մասնավորապես, անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման խնդրին, իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությանը` քննադատելով այն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ներքաղաքական հարցերին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին եւ ընդդիմադիր գործընկերների ելույթներին` քննադատելով նրանց գործելաոճը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության անունից ելույթից հետո խմբակցության պատգամավորները լքել են դահլիճը:

Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ խմբակցությունը, բարձր գնահատելով Սարգիս Խանդանյանի կարողությունները, գիտելիքներն ու փորձը, կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար` հավաստիացնելով, որ ընտրվելու պարագայում առաջնորդվելու է Հայաստանի պետական շահերի, անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով, փորձելու է վարել նախաձեռնողական եւ հաշվետու գործունեություն: