Տպել
09.02.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 4

Փետրվարի 9-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախաձեռնությունը միտված է ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը: Այս վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում տեխնիկական բնույթի մեկ առաջարկ է ներկայացվել:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը քննարկման է ներկայացրել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանելու անհրաժեշտությամբ:

««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նախագծի ընդունման պարագայում` ելնելով Ռազմական սպորտի միջազգային խորհրդի առաջնություններում նախորդ տասը տարիների ընթացքում ՀՀ զինծառայող մարզիկների ցուցաբերած փաստացի արդյունքներից` որպես տարեվերջյան միանվագ պարգեւատրում կսահմանվի 2023-2028 թվականների հանրագումարում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ նվաճած զինծառայող մարզիկների եւ հավաքականների գլխավոր մարզիչների համար:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ կապահովվեն Առողջապահության եւ աշխատանքի, ինչպես նաեւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած  ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: